TeenTech՝ նոր սերնդին նոր հնարավորություններ
- Elina Harutyunyan
- Apr 11
- 2 min read

Հայաստանում սոցիալական անհավասարության հաղթահարումը միայն խոսքերով չի լուծվում. այն պահանջում է երկարաժամկետ ջանքեր, համագործակցություններ և արդիական գիտելիքների փոխանցում նոր սերնդին։ Այս սկզբունքով էլ 2019 թվականին իրականացվել է #TeenTech-ի «3D մոդելավորում և ավելին» դասընթացը, որը ներգրավեց սոցիալապես անապահով ընտանիքներից 12 դեռահասների՝ տալով նրանց իրական հնարավորություն կյանքի որակը բարելավելու և ապագայի նկատմամբ հույս ունենալու։

Ծրագիրն իրականացվել է ARLOOPA-ի հովանավորությամբ և Վորլդ Վիժն Հայաստան-ի համագործակցությամբ՝ մշակվելով և իրագործվելով AITC/EIF-ի և Տեխնոլոգիաներ Հանուն Հասարակության (TSF) ՀԿ-ի կողմից։ Ծրագրի նպատակն էր՝ ապահովել սոցիալապես անապահով դեռահասներին անհրաժեշտ հմտություններով, որոնք նրանց կարող են տանել դեպի կայուն աշխատատեղեր և արժանապատիվ կյանք։ TeenTech-ի հիմնական նպատակը կարելի է ամփոփել մեկ նախադասությամբ՝ Հայաստանն առանց աղքատության։ Հայաստանում յուրաքանչյուր երրորդ դեռահասն ապրում է աղքատության մեջ, և մանկական աղքատությունը հանդիսանում է մեր հասարակության ցավոտ կետերից մեկը։ Այս խնդիրը հաղթահարելը պահանջում է մեր ջանքը, կամքը և մասնակցությունը։
Յոթ ամսվա ընթացքում 12 ստեղծագործ և պայծառ դեռահաս անցան ինտենսիվ մասնագիտական կրթություն 3D մոդելավորման ոլորտում՝ միաժամանակ զարգացնելով տարբեր soft skill-եր և բիզնես գաղափարներ, ինչպիսիք էին թիմային աշխատանքի, հաղորդակցման և ստեղծարար մտածողության զարգացումը։ Սրանք այն soft հմտություններն են, որոնք այսօր շատ կարևոր են հաջողության հասնելու համար ցանկացած ոլորտում։ Ծրագրի եզրափակիչ փուլում նրանք ստացան իրենց ավարտական վկայականները՝ նշան այն բանի, որ պատրաստ են առաջին քայլերը կատարել առաջատար տեխնոլոգիական և ճարտարապետական ընկերություններում։ «Այսօր նրանք սկսնակ 3D մոդելավորողներ են, և օրեր անց իրենց առաջին քայլերը կանեն երկրի առաջատար տեխնոլոգիական և ճարտարապետական ընկերություններում»,- ողջույնի խոսքում նշեց Տեխնոլոգիաներ հանուն հասարակության ՀԿ-ի ղեկավար Անի Մանուկյանը։
Այս պայծառ դեռահասները ստացան ոչ միայն գիտելիքներ, այլև հնարավորություն շարունակել իրենց պրակտիկ ուսումնառությունը ՀՀ տարբեր ընկերություններում՝ իրական կյանքում կիրառելով ստացած գիտելիքները։ Մասնակիցներից թվով 8-ը դասընթացի ավարտից հետո ստացան աշխատանքի անցնելու հնարավորություն։
Այսպիսի ծրագրերը ցույց են տալիս, որ սոցիալական փոփոխությունները հնարավոր են, երբ կան գաղափարներ, միջոցներ և նվիրվածություն՝ օգնելու նոր սերնդին հասնել հաջողության։